Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համար տուգանային միավորը 0.5-ից կնվազեցվի․ ԱԺ-ն քննարկել է նախագիծը
Հայաստանում նախատեսվում է ավտոմեքենան երկրորդ գծում կանգնեցնելու համար կիրառվող տուգանային միավորը 0.5-ից նվազեցնել 0.25-ի:
Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման շրջանակում:
Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ տեսալուսանկարահանման սարքերով արձանագրված խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պարագայում քաղաքացիները նշանակված տուգանքը կարող են ստանալ 20 տոկոս ավելի ցածր չափով: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորներն այլ առաջարկներ ևս ներկայացրել են, նախագծում լրացումներ են կատարվել:
«Մի խումբ պատգամավորների առաջարկի հիման վրա՝ երկրորդ գիծ կանգնելու հետ կապված 0.5 տուգանային միավորը դարձնում ենք 0.25 տուգանային միավոր»,- նշեց փոխնախարարը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ նկատեց՝ տաքսու վարորդների հետ գրեթե ամենօրյա շփումների ընթացքում հասկացել են, որ երկրորդ գծում տարեկան մի քանի անգամ ընդամենը 2-3 րոպե կանգնելու հետևանքով մարդը զրկվու է վարորդական իրավունքից ու փաստացի ապրուստի միջոցից՝ ընդ որում սա այն դեպքում, երբ մարդը չի ունենում խախտման չարամտություն, պարզապես պատվեր տվողն ուշ է մոտենում ավտոմեքենային:
Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս հաստատեց՝ փոփոխությունն առաջարկել են՝ հաշվի առնելով հիմնականում տաքսու ծառայություն մատուցողների շահերը․ «Այս խախտումը հիմնականում իրականացվում էր տաքսի ծառայություն իրականացնող վարորդների կողմից, որովհետև ամենաշատն իրենք են կանգառ-կայանում իրականացնում օրվա ընթացքում»։
Կարծիքներ