Վանաձորի ավագանին կրկին արտահերթ նիստ է նշանակել. համայնքի 2023 թվականի բյուջեն դեռ հաստատված չէ

Վանաձորի ավագանին կրկին արտահերթ նիստ է նշանակել. համայնքի 2023 թվականի բյուջեն դեռ հաստատված չէ

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի ավագանու արտահերթ նիստ է նշանակված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է Վանաձորի համայնքապետարանի կայքում: Օրակարգում ներառված են մի շարք հարցեր, այդ թվում Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը հաստատելու մասին:

Տևական ժամանակ է, ինչ Վանաձորի ավագանին չի կարողանում քվորում ապահովել, «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը:

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստանի» բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Եվ չնայած վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել, ընդդիմությունը բոյկոտում է նիստերը:

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ընտրություններից օրեր անց «Ասլանյան» դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում