Փարիզում ՀՀ դեսպանատունը նոր շենք կունենա
Հարգելի ընկերներ,
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ 9-11, Բենուվիլ 75016 հասցեում ձեռք կբերի նոր, ընդարձակ եւ ավելի ներկայանալի դեսպանության շենք։
Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԳՆ խորհրդատու Դավիթ Կարապետյանը:
Մոտ երեք տասնյակ շինություններ դիտարկելուց հետո ընտրությունը կանգնեց Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող, պատմամշակութային նշանակության այս շենքի վրա, որը նախկինում հանդիսացել է Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի առանձնատունը իր նախագահության տարիներին (1974-1981 թթ), որտեղ նա բնակվել է 1956 թ-ից մինչ իր կյանքի ավարտը։ Ֆրանսիայի համար պատմական նշանակություն ունեցող շատ որոշումներ կապվում են նրա անվան հետ։
Շինությունն իր եզակի եւ ուրույն ճարտարապետության հանգամանքով պայմանավորված գրանցված է Փարիզի ճարտարապետական եւ պատմական հուշարձանների ցանկում եւ գտնվում է պետական պահպանության ներքո։
16-րդ թաղամասը համարվում է Փարիզի ամենաշքեղ եւ բարվոք թաղամասերից մեկը, որտեղ տեղակայված են 100 օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ , որոնց թվում 70-ից ավելի դեսպանություններ։
Շենքն ունի 1226 քմ աշխատանքային տարածք եւ մոտ 500 քմ այգի։ Գործարքի արժեքն է 23 մլն եւրո։
Կարծիքներ