Սիրիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա
Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի բանակցությունները, որից հետո նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսում։
Էրդողանն իր ելույթում նշել է, որ «Թուրքիան ամենահուսահատ ու դժվարին օրերին չի լքել դժվարությունների մեջ գտնվող սիրիացի ժողովրդին, և Անկարան նոր ժամանակաշրջանում նրանց կտրամադրի անհրաժեշտ աջակցություն»։
«Հարևան Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության հիմքը միշտ եղել է այս երկրի տարածքային ամբողջականության ու միասնության պահպանումը։ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի այցը դիտվում է որպես շարունակական բարեկամության և համագործակցության շրջանի սկիզբ»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ կողմերը քննարկել են համատեղ քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Սիրիայում անվտանգության և տնտեսական կայունության հաստատման համար։
«Գործելով համերաշխ՝ մենք մեր ընդհանուր աշխարհագրությունը կվերածենք խաղաղության և վստահության տարածաշրջանի՝ առանց ահաբեկչության»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Նա իր պատրաստակամությունն է հայտնել Սիրիային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում։
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիայի ավերված քաղաքների վերականգնմանը, և քանի որ տնտեսական զարգացումն արագանում է, բնակչության կամավոր վերադարձը նույնպես թափ կստանա։
Մեկնաբանելով բանակցությունների արդյունքները՝ թուրքական պետության ղեկավարը նշել է. «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Սիրիայի հետ բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև քաղաքացիական ավիացիա, էներգետիկա, առողջապահություն և կրթություն»։
Սիրիայի նախագահը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին՝ վարչակարգի դեմ պայքարելու տարիներին ցուցաբերած աջակցության համար։ Նա վստահեցրել է, որ Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացվեն։
«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները վերափոխել խորը ռազմավարական համագործակցության»,- ասել է Ահմեդ ալ-Շարաա։
Սիրիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ կապված Իսրայելի օկուպացիայի տակ գտնվող երկրի տարածքների հետ։
«Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ վերադառնալու 1974 թվականի սահմաններին»,- ասել է նա։
Կարծիքներ