Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը չի ընդգրկվել նիստերի օրակարգում։
Հարցին կողմ է քվեարկել 31 պատգամավոր, դեմ՝ 57, ձեռնպահ՝ 2, չի քվեարկել 4 պատգամավոր։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները:
Հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը նշել էր, որ մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքները և արտոնությունները տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, Կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով, սակայն, կարևոր է և անհրաժեշտ՝ դրանք մեկտեղել մեկ օրենքում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նախապես ասել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելուն, քանի որ հեղինակի կողմից առաջարկված իրավական կարգավորումներն արդեն իսկ առկա են օրենսդրական դաշտում։
«Սա է եղել Կառավարության դիրքորոշումը եւ այս դիրքորոշման հիման վրա նաեւ գլխադասային հանձնաժողովը չի հաստատել նախագիծը, եւ հարակից զեկուցմամբ հանձնաժողովն էլ միջնորդեց, որպեսզի դեմ քվեարկենք, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- նշել է Կոնջորյանը։
Կարծիքներ