Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները. Արարատ Միրզոյան

Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները. Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով․

«Տիկի՛ն նախագահող,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ՝ կցանկանայի միանալ իմ գործընկերներին և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Շվեդիայի նախագահությանը՝ տարվա ընթացքում կազմակերպությունը ղեկավարելու համար:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սահմաններից։ Նրանք մինչ այժմ պահպանում և շարունակում են ամրապնդել իրենց ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։ Անշուշտ՝ Ադրբեջանի գործողությունները խախտում են բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։

Ուժի կիրառման դրսևորումներից է նաև այն, որ Ադրբեջանը ոչ միայն պատանդառության մեջ է պահում, այլև մշտական փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անտեսել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու միջազգային հանրության կոչերը, այլև մի շարք դեպքերում, վերջինը՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ տարածքի վրա հարձակման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ գերեվարել են հայ զինծառայողների:

Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները։ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է:

Հուսով ենք, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումը ճանապարհ կհարթի՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ միջոցներ ձեռնարկելու համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Ուժի կիրառումը երբեք խաղաղության հասնելու ճանապարհ չի եղել՝ ընդհանրապես, և, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում։ Ուժի կիրառումը կարող է որոշակի ժամանակով ապասառեցնել հակամարտությունները, սակայն դրանք նորից կսառեցվեն, եթե չլինի բանակցված և խաղաղ լուծում։ Պատերազմը կարող է լինել միակողմանի ընտրություն, սակայն խաղաղությունը մշտապես պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը:

Հայաստանը պատրաստ է բանակցությունների միջոցով հասնելու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության։

Որքան շուտ Ադրբեջանը ձեռնամուխ լինի խաղաղ գործընթացի վերսկսմանը, այնքան կավելանան մեր տարածաշրջանում համապարփակ և տևական կարգավորման հասնելու հնարավորությունները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Հավասարապես՝ առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և նրա համապատասխան մանդատների շարունակական ներգրավվածությունը։ 

Հաշվի առնելով վերոնշյալը` Հայաստանը հետագայում ևս կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությամբ:

Եզրափակելով՝ կցանկանայի ողջունել Լեհաստանին՝ որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկիր, և մաղթել ամենայն հաջողություն։

Շնորհակալություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում