Երևանում քննարկվել է Քրեական սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական հարթակի շրջանակներում համագործակցության զարգացումը
Եվրոպական Միության և Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «Պայքար կազմակերպված հանցավորության դեմ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում մայիսի 23-ից 24-ը Երևանում կազմակերպվել է հանդիպում, որին մասնակցել են Եվրոպոլի, Ֆրանսիայի և Մոլդովայի Հանրապետությունների, Իսպանիայի Թագավորության, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի Հանրապետությունների ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հանդիպման նպատակն է եղել Քրեական սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական հարթակի շրջանակներում (EMPACT) գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելը, ինչպես նաև գործընկեր երկրների ինստիտուցիոնալ գիտելիքներն ամրապնդելը:
«Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը: Ողջունելով ներկաներին՝ նա կարևորեց միջազգային գործընկերությունը հանցավորության դեմ պայքարում՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանությունը բարձր է գնահատում նման միջոցառումների անցկացումը:
Այնուհետև ելույթով ունեցավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Ռաֆայել Պողոսյանը: Նա հանգամանալից ներկայացրեց Հայաստանում քրեածին իրավիճակը, անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը՝ ներկայացնելով անդրազգային հանցավորության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը:
Ելույթներով հանդես եկան նաև Եվրոպոլի, Ֆրանսիայի Հանրապետության և այլ երկրների ներկայացուցիչները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ