ՄԻԵԴ-ի հայտարարությունը չի նշանակում, թե գործընթացն ավարտվել է. Ալվինա Գյուլումյանը շարունակում է պայքարը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից երեկվա հայտարարությունից հետո Սահամադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը պատրաստվում է շարունակել պայքարը: Այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց Գյուլումյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է, որ Եվրոպական դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ:
ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հույսով, որ դատարանը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը դատավորների պաշտոններից:
«ՄԻԵԴ-ն ընդամենը մեր միջնորդությունն է մերժել, ասելով, որ դա դուրս է իր շրջանակից: Դա չի նշանակում, որ գործընթացն ավարտվել է»,-ասաց Գյուլումյանը:
Նա հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին՝ նշելով, որ քիչ անց իր փաստաբանը հայտարարություն կտարածի ՄԻԵԴ-ի հաղորդագրության վերաբերյալ:
Կարծիքներ