ՔԿ-ն՝ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ

ՔԿ-ն՝ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

 

 

Այսպես.

 

2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք:

 

 

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է, և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել:

 

 

Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:

 

 

 

Այնուհետև՝ 2026 թվականի ապրիլի 22-ին, անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ՝ Արթուր անունով, համոզելով իրեն նստեցրել է ավտոմեքենան՝ դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ:

 

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ անչափահաս տուժողն ունի մտավոր խնդիրներով պայմանավորված՝ կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք:

 

 

Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ, մասնավորապես՝ մի դեպքում ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը՝ նշելով, որ այդ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել և նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ:

 

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝

անչափահաս տուժողի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն.

հարցաքննվել են անչափահասների կողմից մատնանշված անձինք, անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները.

համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով նախաքննության մարմնի կողմից իրականացվում են անհրաժետ վարութային և ապացուցողական գործողություններ:

 

Հաշվի առնելով անչափահաս տուժողների լավագույն շահը՝ Քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ անչափահասների վերաբերյալ չճշտված, ինչպես նաև նրանց նույնականացնող տեղեկություններ համացանցում տարածելուց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում