Չկա արևմտյան նախագիծ, կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որի վերաբերյալ կլինի քննարկում. Մարուքյան

Չկա արևմտյան նախագիծ, կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որի վերաբերյալ կլինի քննարկում. Մարուքյան

Պաշտոնապես ասում եմ, չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ առաջիկա հանդիպմանը կլինի քննարկում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն, ինչ Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռում էր, անգամ եթե ընդունենք, որ դա իրական է, դա հանդիպման ամփոփագիր է, պայմանագրի նախագիծ չէ։ Երբևէ Գեղամ Մանուկյանը ռիսկ կանի պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Կա ռուսական նախագիծ։ Վարչապետն ասել է, որ սեպտեմբերին ներկայացվել է, և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար ու անընդունելի՝ ադրբեջանական կողմի համար։ Հայկական կողմը հույս է հայտնում, որ Սոչիում ռուսական կողմը կպնդի և կհամոզի ադրբեջանական կողմին՛՛։

Ըստ Մարուքյանի՝ Ռուսաստանն առաջարկում է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը հետաձգվի։ Հայկական կողմը դրական է արձագանքել։ Իսկ Արևմուտքի բանավոր առաջարկը, նրա խոսքով, այն է, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ստեղծվի միջազգային մեխանիզմ, և նրանց դիտարկման ներքո տեղի ունենան բանակցություններ՝ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների, անվտանգության, ազատությունների հարցերի վերաբերյալ։

Մարուքյանը նշեց նաև, որ Ադրբեջանը նշված առաջարկներից ոչ մեկին համաձայն չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում