ՀՀ ՊՆ-ն չի նախատեսում ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը
ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից:
-Արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը։
-Ընդհանրապես ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են և որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական և դաշտային հոսպիտալ:
Միջազգային զորավարժությունների կազմակերպումը և դրան մասնակցությունը երկարատև մի քանի փուլից բաղկացած պլանավորման գործընթաց է նախատեսում և դրան մասնակցել կամ չմասնակցելը մեկ օրում հնարավոր չէ որոշել, քանի որ տարբեր երկրների ստորաբաժանումների մասնակցության հետ կապված կառուցվածքային, գործառութային, թիկունքային ապահովման, տրանսպորտային և այլ հարցերը խիստ փոխկապակցված են:
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները չեն մասնակցել Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել ենք վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը:
Կարծիքներ