Հնդկաստանն ու ԱՄՆ-ը մտադիր են ընդլայնել համատեղ զորավարժությունների մասշտաբները
Հնդկաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են ընդլայնել ընթացիկ համատեղ ռազմածովային, օդային և ցամաքային զորքերի զորավարժությունների շրջանակը։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է երեքշաբթի օրը հրապարակված «երկու գումարած երկու» ձևաչափով բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարության մեջ, որին մասնակցել են երկու երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները։
«Նախարարներն աջակցել են կանոնավոր երկկողմ և բազմակողմ զորավարժությունների մասշտաբի և բարդության ավելացմանը»,- ընդգծվում է կոմյունիկեի մեջ։
Փաստաթղթում նշվում է նաև, որ «երկու երկրների նավատորմերը շարժիչ ուժն են Հնդկական օվկիանոսի և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Հնդկաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր շահերն առաջ մղելու համար»։ «Նախարարները քննարկել են ծովային համագործակցության հետագա զարգացման և խորացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Հնդկաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են զարգացնել իրենց երկկողմ պաշտպանական գործընկերության առաջընթացը:
Կողմերը վերահաստատել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցության համար տեղեկատվության փոխանակման զարգացման կարևորությունը։ «Նախարարներն ընդգծել են համապարփակ կառույցի ստեղծման կարևորությունը, որի շրջանակներում մեր զինվորականները կկարողանան իրական ժամանակում տեղեկատվություն փոխանակել բոլոր ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ։
Երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանքարը, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհը։ Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Պենտագոնի ղեկավարն ասել է, որ Վաշինգտոնը և Նյու Դելին «նոր հնարավորություններ են գտել ընդլայնելու» համագործակցությունը և գործառնական փոխգործակցությունը նավատորմի միջոցով:
Կարծիքներ