Լիբիայի վարչապետը հույս է հայտնել, որ արտասահմանյան ուժերն ու վարձկանները դուրս կբերվեն երկրից
Լիբիայի վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբան հույս է հայտնել, որ բոլոր արտասահմանյան ռազմական ուժերն ու վարձկանները շուտով կհեռանան պատերազմից տուժած երկրից, հայտնում է Ahval-ը։
«Մի շարք երկրների հետ քննարկումներից հետո հուսադրող նշաններ կան, որ օտարերկրյա ուժերը կհեռանան Լիբիայից», - ասել է Լիբիայի վարչապետը։
Հայտնի է, որ երկրում մոտավորապես 20 հազար օտարերկրյա զորք և վարձկաններ կան, որոնք Լիբիայում են հայտնվել օգնելու Թուրքիայի աջակցությունը վայելող, միջազգային ճանաչում ստացած Ազգային համաձայնության կառավարությանն ու Ռուսաստանի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությունը վայելող ապստամբ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին։
2020 թվականի հոկտեմբերին լիբիական կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր, որով նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել մարտական գործողությունները, որոնք սկսվել են 2011 թվականին՝ ՆԱՏՕ-ի օգնությամբ իրականացված ապստամբության հետևանքով Մուամար ալ Քադաֆիի սպանությունից հետո։
Կարծիքներ