Ձեզանից է կախված այս աշխարհն օր առաջ ավելի լավը դարձնելու առաքելությունը. ԿԳՄՍ նախարարը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
«Սիրելի՛ ուսանողներ,
Ջերմորեն և բարի մաղթանքներով շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Ուսանողներն ամբողջ աշխարհում հասարակության շարժիչ ուժն են, կարծրատիպերի դեմ պայքարների և հաղթանակների, փոփոխությունների ու նորարարությունների խորհրդանիշը: Դուք գտնվում եք կյանքի այն փուլում, որտեղ բացահայտում եք աշխարհը, ճանաչում կյանքն ու միջավայրը՝ որդեգրելով ձեզ համար կենսական և ուղենշային սկզբունքներ: Կրթության, գիտելիքի, իմացության անսպառ աշխարհում կերտելով ինքներդ ձեզ՝ առաջնային համարե՛ք նաև ձեռքբերումները`դրանք ծառայեցնելով ի շահ պետության, ի նպաստ ձեր համայնքի ու միջավայրի վերափոխման: Կայացե՛ք և զարգացե՛ք ձեր ընտրած մասնագիտությամբ, ձգտե՛ք լավագույնին, դարձե՛ք լավագույնը. ձեզանից է կախված այս աշխարհն օր առաջ ավելի լավը դարձնելու առաքելությունը. դուք դա կարող եք:
Միշտ հիշե՛ք՝ պետությունը ձեր վստահելի գործընկերն է և ջանք չի խնայում բարելավել ձեր կրթական իրավունքի իրացման պայմանները, գրանցել շարունակական աճ և բարձրացնել կրթության որակը: Սրան է միտված բարեփոխումների ողջ գործընթացը, որ իրականացվում է այսօր:
Սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ ձեզ մշտապես փնտրելու, կրթվելու և ինքնակրթվելու ամուր կամք, մեծ երազանքներ ունենալու համարձակություն, սիրելու և նվիրվելու անսպառ եռանդ:
Բարին ընդ ձեզ»:
Կարծիքներ