Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն աջակցության գումար ստանալ
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհետ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման շարունակականությունն ապահովելու համար:
Այդ մասին հայտարարվեց Կառավարության նոյեմբերի 11-ի նիստի ընթացքում:
Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն ապահովելու նպատակով:
«Արդյունքում, մինչև անհետ կորած զինծառայողներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունումն ընկած ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կտրամադրվի անհետ կորած յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից»,- նշված է որոշման մեջ:
Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սոցիալական հետևանքները մեղմելու համար իրականացվող մի շարք միջոցառումների շրջանակներում դրամական օգնություն նշանակած, սակայն դեռևս սոցիալական աջակցություն չստացած շահառուներին դրամական օգնությունը վճարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով:
Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին հատկացնել 617,430.0 հազար դրամ:
Կարծիքներ