Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանի հետ

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Բաբաջանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և ափսոսում եմ, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը չհաղթահարեց խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը: Ինչպես հրապարակային ասել եմ, այսօր մեր հանդիպման նախաձեռնությունը կապված է հետևյալի հետ. ես խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր հակված են խոսակցության, ուզում եմ հասկանալ, թե ինչպիսի պատկերացումներ ունեք այն մասին, թե ինչ ձևաչափեր կարող են լինել, որոնք կառավարության և արտախորհրդարանական ուժերի համար կբարձրացնեն փոխադարձաբար լսելիության և հասանելիության մակարդակը: Եվ բնականաբար, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը բավականին լուրջ քաղաքական բովանդակություն են գեներացրել, ու այդ քաղաքական բովանդակության առնվազն մի հատվածի իրացումը կարող է էական նպաստ բերել Հայաստանն այս դժվարին վիճակից դուրս բերելու գործում:

Արման Բաբաջանյան – Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրի այս ճակատագրական և բախտորոշ ժամանակահատվածում այսպիսի ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու, այս ընտրություններով մեր երկրում ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար: Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է, և այս իմաստով ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել Ձեր ձեռնարկումներին: Եվ այդ իմաստով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք խոսակցության: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, մարտահրավերներ կան, որոնք, վստահ եմ, արժանիորեն այդ հասունությունը, գիտակցումը կունենանք դիմակայելու և հաղթահարելու: Կրկին ընդունեք իմ, մեր կուսակցության, մեր դաշինքի կողմից շնորհավորանքները և պատրաստ ենք խոսակցության:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում