ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը

Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրն ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ հանրապետության տեսլականի վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով, ի վերջո, հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Հայաստանն  այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել, թե ինչով է Երրորդ հանրապետությունը տարբերվում Չորրորդ հանրապետությունից։

«Երրորդ հանրապետությունը հենց առաջին օրից հիմնադրվել է կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանությամբ, Չորրորդ հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ»,- նշեց վարչապետը։

 Փաշինյանի խոսքով՝ Երրորդ հանրապետությունը 1990-ականներին իր հռչակմամբ արձանագրել է, որ պետության նպատակը, պայմանական ասած, պատմական արդարության վերականգնումն է։

«Սրանից բխել են նաև որոշակի գործողություններ, և այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի գործնական իրագործման ուղղություններից մեկն է եղել»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ վերջին ութ տարվա գործունեության ընթացքում իշխանությունը բացել է նախկինում չբացված էջեր, որոնց հետ գործնական առնչությունները Հայաստանին բերել են խաղաղության օրակարգին։

Նրա խոսքով՝ 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իրականացվել է կոնկրետ օրակարգերով, սակայն իշխանությունը 2018 թվականի կեսին ՀՀ կառավարումը ստանձնելուց հետո 2019-2020 թվականներին և հետագա շրջանում ստիպված է եղել զբաղվել ճգնաժամային կառավարմամբ՝ նախ COVID-19 համավարակի, ապա պատերազմի և հետպատերազմյան իրավիճակի հետևանքով։

«Մեր օրակարգի մեծ մասը նվիրված է եղել ճգնաժամային կառավարման տրամաբանությանը։ Սա է պատճառը, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգը օբյեկտիվորեն հնարավոր չի եղել արժանացնել այն ծավալի ուշադրության, ինչ ծավալի ուշադրության, ենթադրաբար, մենք այն արժանացնում էինք 2018-2019 թվականներին»,- ասաց վարչապետը։

 Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը և ձևավորված նոր միջավայրը հնարավորություն են տալիս լիարժեք վերադառնալ 2018 թվականի օրակարգի չիրականացված հատվածին։

«Լավ լուրն այն է, որ ճգնաժամային կառավարման այդ ընթացքում մենք երբեք չենք դադարեցրել բարեփոխումների օրակարգի իրականացումը։ Մենք պետք է շարունակենք և նոր թափ հաղորդենք ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումներին»,- ասաց Փաշինյանը։

 Վարչապետը նաև նշեց, որ Կառավարության ծրագիրը նախատեսվում է առավել մանրամասն ներկայացնել Ազգային ժողովում։

«Ընդունված է, որ Կառավարության ծրագիրն առավել մանրամասն քննարկում ենք Ազգային ժողովի նիստում։ Ենթադրաբար հաջորդ շաբաթ տեղի ունեցող ԱԺ նիստում ես և մեր գործընկերները հանդես կգանք մանրամասն զեկույցով»,- ասաց նա։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում