Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․
Փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով,
Խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ,
Չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների,
Ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:
Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։
Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։
Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից.
Ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը,
Անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը,
Ազատել բոլոր քաղբանտարկյալներին։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Կարծիքներ