ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Հաղորդագրությունը տարածել է Քննչական կոմիտեն․

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսին սոցիալական ցանցում լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակվել էր  «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրությունը, որի ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում փաստական հանգամանքներով հիմնավորվել էր, որ վերոհիշյալ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` Արտաշատ համայնքի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար, նույն մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․Մ․-ի և Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև։

 Քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ համայնքի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար Ա.Մ.-ն, գիտակցելով, որ քաղաքացիներին նյութապես չշահագրգռելու՝ գումարներ չտրամադրելու դեպքում նրանք չեն մասնակցի Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպված հանրահավաքին՝ 2022 թվականի հունիս ամսին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու շուրջ հանցավոր համաձայնություն ձեռք բերել Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Գ․Մ․-ի հետ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով կազմել են ցուցակներ՝ ներառելով բազմաթիվ անձանց անձնական տվյալներ: Այնուհետև, առանց իրենց ազատ կամարտահայտությամբ հավաքներին մասնակցող անձանց համոզելուց, նյութապես շահագրգռելուց հետո, նրանց հաշվառելը դյուրացնելու նպատակով, անձանց տվյալների դիմաց կատարել են որոշակի գրառումներ՝ գումարներ վերցնելու, չվերցնելու վերաբերյալ:

Նշված գործողություններով նրանք ազդել են քաղաքացիների կամքի և գիտակցության վրա, ինչի արդյունքում խախտվել է խաղաղ հավաքներին քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:

Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել էին  տասնյակ թղթեր՝ բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև՝ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրառումներով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Մ.-ին և Գ.Մ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափահնման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված Հ․Մ-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դատախազի համապատասխան որոշմամբ, դադարեցվել է։ 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ  մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում