Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվում է, որ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն՝ ք. Երևան, Բաբայան 6:
Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի 5-ին, հետագա նիստերը՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին՝ այցելելով Հասարակական խորհուրդ կամ ուղարկել փոստով՝ Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին՝ նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)՝ հետադարձ կապի համար:
Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):
Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:
Գործընթացի բոլոր մասնակիցներից պահանջվում է պահպանել հակահամաճարակային կանոնները:
Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 20-03-07 հեռախոսահամարով:
Կարծիքներ