Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի առաջարկել քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու պատերազմը. ԱԽ քարտուղար
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդմամբ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի առաջարկել քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու պատերազմը։ Այդ մասին Գրիգորյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Պատերազմը դադարեցնելու քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի անվտանգության խորհրդի նիստում։ Անվտանգության խորհրդի այդ նիստում է ասվել, որ հենց 2-3 օրվա մեջ մեր կարողություններն այլևս չեն ձգելու, դադարեցնելու միտք է հնչել։ Ի դեպ, այդ անվտանգության խորհրդի նիստին մասնակցում էին նաև ընդդիմադիրները՝ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ պատերազմը դադարեցնելու գոնե երեք հրապարակային գործողություն եղել է։ «Եվ պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ որ դրան ինտենսիվ մասնակցություն ուներ Թուրքիան, տեռորիստների խումբը, Ադրբեջանը։ Եվ այդ պատճառով շարունակվում էր պատերազմը։ Պատերազմի դադարեցումը միակողմանի գործողություն չէ»,- հավելեց Գրիգորյանը։
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և Սիրիայից բերված զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ պատերազմ սանձազերծեց Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Պատերազմը դադարեցվեց նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությամբ: Նոյեմբերի 17-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշել է. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու - երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Կարծիքներ