Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման  հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության հաղթահարման դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։ 


Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում նաև՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ընդհանուր անվտանգային իրավիճակին։ 
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի` Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը: 

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման և ՀՀ խաղաղության օրակարգի համատեքստում նախարար Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում դրված հանրաճանաչ սկզբունքներին։ 

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումներն ու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում