Մենք մեծապես կարևորում ենք Լիոնի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները. Ավինյան
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում:
Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանը, Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Լիոնի քաղաքապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար: Լևոն Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Գրեգորի Դուսեի այցը նոր թափ կհաղորդի երկու քաղաքների միջև հաստատված գործակցության ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
«Հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Մենք մեծապես կարևորում ենք Լիոնի հետ ունեցած մեր գործընկերային և բարեկամական հարաբերությունները, և կարծում եմ, որ արդեն կարող ենք աշխատանքներ սկսել հաջորդ եռամյա համաձայնագրի նախագծի ուղղությամբ և կոնկրետ գործակցություն ունենալ տրանսպորտի, երթևեկության կառավարման և քաղաքաշինության ոլորտներում, ինչպես նաև մշակույթի, տուրիզմի, կրթական և այլ բնագավառներում»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին կարևորելով երկու երկրների ու քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը՝ առանձնացրել է երկու նախագծերի իրականացում, որոնք առանցքային կլինեն Երևանի և Լիոնի գործակցության հեռանկարում: «Լավագույն փորձի կուտակումը հրաշալի հնարավորություն է մրցունակ սերունդ ձևավորելու համար: Երիտասարդները մեր ապագան են և ապագա կառավարիչները, ուստի անչափ կարևորում եմ երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացումը:
«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի կողմից ժամանակին մշակվել է Կոնդի վերակառուցման նախագիծ:
Այսօր մենք ունենք հնարավորություն՝ կյանք տալու այդ նախագծին և, պահանելով պատմական թաղամասի կոլորիտը, վերակառուցել այն»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Գրեգորի Դուսեն նշել է, որ Լիոնն առանձնակի է կարևորում գործընկեր քաղաք Երևանի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումը, և համոզմունք է հայտնել, որ այցը հնարավորություն կտա ուրվագծել ու սահմանել քայլերի այն հաջորդականությունը, որոնցով քաղաքներն առաջ կշարժվեն:
«Առողջ քաղաք, բարեկեցիկ կյանք և պատասխանատու տնտեսություն. սրանք են այն կարևոր մարտահրավերները, որ պետք է հաղթահարեն մեր քաղաքները: Ես համոզված եմ, որ համատեղելով մեր ջանքերը կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշում ենք Երևանի և Լիոնի գործակցության շրջանակում: Սա իմ առաջին այցն է Երևան, և ես երջանիկ եմ, որ կարողացել եմ ներգրավվել երկու քաղաքների կապերի էլ ավելի ամրապնդման ու զարգացման գործում»,- նշել է Գրեգորի Դուսեն:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի և Լիոնի միջև ստորագրվելիք եռամյա ծրագրի մշակման վերաբերյալ:
Կարծիքներ