Շիրակի մարզպետն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենին

Շիրակի մարզպետն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հայկական Կարմիր խաչի ընկերության» գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին։

 

Մարզպետը բարձր է գնահատել ընկերության գործունեությունն ու Շիրակի մարզում իրականացրած ծրագրերը․ «Մեզ համար կարևոր է ընկերության մարդասիրական առաքելությունը և տարբեր ուղղություններով իրականացրած ծրագրերը, հատկապես, երբ խոսք է լինում ամենախոցելի խավերի և արտակարգ իրավիճակներում առաջին օգնության մասին»։

 

Աննա Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, Շիրակում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Մասնավորապես, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցում է միայնակ տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անապահով ընտանիքներին։ Համայնքային ինտեգրված տնային խնամքի և առողջ երկարակեցության նախաձեռնության շրջանակներում 202 միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք Գյումրիում, Արթիկում և Մարալիկում խնամք և աջակցություն են ստանում։ 2020 թվականից ՀԿԽԸ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրած համաձայնագրով ստանձնել է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը, արձագանքել և աջակցել է Քովիդ-19 համավարակի և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունն ու անել հնարավորը մարզի ազգաբնակչության հոգսերի թեթևացման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում