Բելառուսի առողջապահության նախարարությունը նշել է բողոքի ցույցերից հետո հոսպիտալացված անձանց թիվը
Բելառուսում բողոքի ցույցերից հետո ավելի քան 200 մարդ է հոսպիտալացվել, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը: Առողջապահության նախարարության հայտարարության տեքստը մեջբերում է TUT.BY-ն՝ իր Telegram-ալիքում:
Բոլոր տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, ասվում է հաղորդագրության մեջ: Բուժում է ստանում ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ փափուկ հյուսվածքների սալջարդներ, վերջույթների, կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ, ինչպես նաև գանգուղեղային վնասվածքներ ստացած անձինք:
Հիմնականում վնասվածքների ծանրությունը գնահատվում է թեթև, նշում է առողջապահության նախարարությունը: Միևնույն ժամանակ նշվում է, որ մի քանի տուժածներ վիրահատության են ենթարկվել, ներկա պահին նրանց վիճակը կայուն է:
Նախարարությունը հաստատում է նաև ցուցարարներից մեկի մահը, նշվում է, որ նա մահացել է նախքան բժիշկների ժամանելը:
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Բելառուսի մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո չարտոնված բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ ընտրակեղծիքների, որի ընթացքում ոստիկանությունը և երկրի ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել:
Կարծիքներ