Խաչատրյանի և Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ

Խաչատրյանի և Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստում քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում:

Արմեն Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար: Առաջարկվում է սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը:

Կհստակեցվեն նաև զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմաններն ու վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:

Զեկուցողի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի հանգեցնում: Նա նաև տեղեկացրել է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողների չդադարեցվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափերի վերաբերյալ հաշվարկներ հնարավոր չէ կատարել, քանի որ բացակայում են համապատասխան զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցող պահեստազորայինների վերաբերյալ տվյալները:

Արմեն Խաչատրյանը նաև նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ: Օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է Պետաիրավական նախարարական կոմիտեի և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը նշել է, որ օրինագծերի փաթեթը քննարկվել է նաև Պաշտպանության նախարարությունում, Պետաիրավական նախարարական կոմիտեում և արժանացել գրեթե բոլորի հավանությանը:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը քննարկվող օրենքների նախագծերը դրական է գնահատել՝ նշելով, որ ժամանակին համընթաց, անհրաժեշտություն է առաջանում վերանայելու, մասնավորապես, զինծառայողների և մարզիկների կենսաթոշակային տարիքը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում տեղեկացրել է, որ խմբակցությունն օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկելու՝ հավելելով, որ խմբակցությունը կողմ է ցանկացած նախաձեռնության, որը միտված է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացմանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը մեկ անգամ ևս պարզաբանել է, որ այս փոփոխությունը վերաբերելի է միայն ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սահմանված հստակ զորամասեր ընդունվող, հստակ զորամասերում իրենց ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնող զինվորական կենսաթոշակառուներին: Զորամասերի ցանկը կհաստատի Պաշտպանության նախարարը և ըստ առաջնահերթությունների՝ կհաստատվեն նաեւ այն հաստիքները, որոնց համալրումը կլինի նպատակային և առաջնահերթ:

Օրենսդրական նախաձեռնությունն ստացել է դրական եզրակացություն: Օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի հոկտեմբերի 31-ին հրավիրվող ԱԺ արտահերթ նիստում: Հանձնաժողովը հաստատել է նաև 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցած՝ ՀՀ-ում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերին, հիմնախնդիրներին և բարեփոխումների իրական արդյունքներին նվիրված խորհրդարանական լսումների արձանագրությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում