Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել` Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար: Այս մասին Լավրովը հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանը, կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այժմ օրակարգում են կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալը, ինչպես նաև տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը:
«Այս բոլոր ուղղություններով որոշակի դրական բան կա, բայց առաջանում են նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի արտառոց լինելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Կարծիքներ