Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են 28-ամյա երիտասարդի կյանքի համար

Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են 28-ամյա երիտասարդի կյանքի համար

Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի շրջանում առկա հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, իրավապահները պարզել են վիրավորի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ա․ Կ-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ տղան հրազենային վնասվածքը ստացել է Թումանյան 27 շենքի բակում դեռևս չճշտված անձի կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Դեպքի վայրում հայտնաբերվել է դեռևս չճշտված ատրճանակից կրակված 2 պարկուճ, 3 գնդակ, ինչպես նաև բակում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է կրակոցի հետք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում