Սա ողբերգական ժամանակահատված է, բայց նաև հնարավորություն՝ ինչից սկսել. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած՝ «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին։
Վեբինարին մասնակցել են նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, FAST հիմնադրամի համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը, Ճապոնիայի Տոհոկուի համալսարանի բժշկության դպրոցի վարակաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, COVID 19-ի վերաբերյալ կառավարության խորհրդատվական հանձնաժողովի անդամ Հիտոշի Օշիթանին, Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղարության կորոնավիրուսային հիվանդության նախապատրաստման և հակազդման գրասենյակի գլխավոր տնօրեն Տոմոչիկա Ույաման, Գերմանիայի Բունդեսթագի առողջապահական հարցերով փորձագետ, պրոֆեսոր Կարլ Լաութերբախը։
Վեբինարի ընթացքում, որը վարել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Հանրապետության նախագահը և հեղինակավոր գիտնականներն ու փորձագետները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել գլոբալ մարտահրավերի դեմ պայքարում երկրների համագործակցությանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով համավարակով պայմանավարված իրավիճակի մասին, ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ, հավանաբար, սա վերջին համավարակը չէ, և պետք է պատրաստ լինել նաև հետագային. «Վստահաբար, ամբողջ աշխարհում պետք է ավելի մեծ ներդրումներ կատարել առողջապահության, կենսաբանության ոլորտներում: Մենք հասկանում ենք, որ աշխարհը փոխվել է, և վարակի վարքագիծն էլ համապատասխանում է այս նոր աշխարհին: Անհրաժեշտ է վերաձևավորել և փոխակերպել բոլոր այն ոլորտներում արված քայլերը, որոնք կատարել էինք անցյալում»:
Նախագահի բնորոշմամբ՝ այս իրավիճակը խաչմերուկ է, և ցանկացած ազգ պետք է հասկանա, թե որ ճանապարհն է ընտրելու. «Հայաստանը նույնպես կանգնած է այդ խաչմերուկում, հետևաբար, պետք է վերաձևակերպի և սահմանի իր առաջնահերթությունները: Կան առաջնահերթություններ, որոնք հրատապ են: Կրկին պետք է վերանայել Հայաստանն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը, այսինքն՝ այնպիսի մի ներդրում, որի միջոցով կստեղծվի Հայաստանի մասին տեղեկություն տարածելու հնարավորություն, որ ներդրողները հասկանան, թե ինչու է պետք հենց Հայաստանում ներդրումներ կատարել: Երկրորդը՝ մեծանալու է էլեկտրոնային կառավարման անհրաժեշտությունը: Կարևոր են դառնում կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը»։
4
Կարծիքներ