Թուրքիայի առևտրի նախարարը խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանների մասին

Թուրքիայի առևտրի նախարարը խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանների մասին

Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը Հայաստանի հետ սահմանակից Կարսի մարզ կատարած այցի ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի բացման նախապայմանների մասին:

Նա նշել է, որ Անկարայում պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը, բայց այդ հարցն ուղղակիորեն կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորումից։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը կազատվի սփյուռքի ու օտարերկրյա պետությունների ճնշումից և կաջակցի սահմանների բացմանն ու ժողովրդի բարեկեցության բարելավմանը»,- նշել է թուրք նախարարը՝ ասելով, որ Թուրքիան պատրաստ է շատ կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները ևս:

«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսի սահմանային անցակետերը կբացվեն, ինչը կհանգեցնի երկկողմ առևտրի զգալի աշխուժացմանը»,- ասել է Մուշը:

Հայ-թուրքական հարաբերություննեի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների բանակցությունների չորրորդ փուլից հետո, որը եղել է 2022 թվականի հուլիսի 1-ին, տեղի է ունեցել երկու առանձին հանդիպում՝ Թուրքիայի և Հայաստանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ըստ թուրքական աղբյուրների՝ այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել սահմանամերձ գոտում, իսկ երկրորդը՝ Ալիջան անցակետում։ Երկու հանդիպումներն էլ անցել են ընկերական մթնոլորտում։

Ապագա բանակցություններում կարող են բարձրացվել մի շարք այլ նոր հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտրի վերսկսումը։

Միաժամանակ, 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպմանը երկու կոնկրետ որոշում է կայացվել, այնուհետև կայացել է երկու առանձին հանդիպում՝ կապված այդ որոշումների կատարման հետ։

Թուրքական աղբյուրները գրել էին, որ նորմալացման հինգերորդ բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն մինչ դրա կայացումը անհրաժեշտ է մի շարք փոխադարձ քայլեր ձեռնարկել: Բանակցություններ կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում