Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ներկա պահին Ղազախստանի իրավապահ մարմինների հետ համատեղ Ալմաթիի օդանավակայանն ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,-նշել է Կոնաշենկովը:

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում