Միրզոյանը Մատվիենկոյի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցի կարևորությունը
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: ԴԽ խոսնակը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջեւ առկա երկխոսության վերաբերյալ եւ վստահություն է հայտնել, որ տարբեր ձեւաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:
Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց:
Անդրադարձ կատարելով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում: Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:
Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն ձեռք բերեցին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհեց Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարեւորագույն ներդրման համար:
Կարծիքներ