Լիցենզիա ունեցողի կողմից արտադրական կանեփի փոխանցումը լիցենզիա չունեցող անձին կառաջացնի տուգանք

Լիցենզիա ունեցողի կողմից արտադրական կանեփի փոխանցումը լիցենզիա չունեցող անձին կառաջացնի տուգանք

Հայաստանում արտադրական կանեփի օրինական շրջանառության համար սահմանված պահանջների խախտման դեպքում կկիրառվի տուգանք: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Նախագծով սահմանվում են մի շարք դրույթներ: Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով: Իսկ արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով: Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

«Դրույթների խախտումները նախատեսում են տուգանքի չափեր՝ յուրաքանչյուր դեպքի համար մինիմալ աշխատավարձի 5000-20000-ապատիկի չափով»,-ասաց Գաբրիելյանը:

ՀՀ ազգային ժողովը հունիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը: 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում