ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի Հանրապետության օգնությունը:
Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում՝ հիմնված ինքնիշխանության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների վրա: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքին:
Բարձր գնահատելով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ Ալեն Սիմոնյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Լատվիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին աջակցելու նպատակով տրամադրված մարդասիրական օգնության համար:
Քննարկվել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ