Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափերն ավելի քիչ չափով կբարձրացվեն. փոփոխություն նախագծում

Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափերն ավելի քիչ չափով կբարձրացվեն. փոփոխություն նախագծում

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագծում փոփոխություն է կատարել՝ առաջարկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը ոչ այնքան բարձր չափով բարձրացնել: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի փոփոխված նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Սիմոնյանը:

Նա առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված օրենքի նախագծով առաջարկել էր վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն դրամի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ: Պատգամավորն առաջարկեց երկրորդ ընթերցմամբ քննարկմանը վիրավորանքի համար փոխհատուցման չափ սահմանել 3 մլն դրամը, իսկ զրպարտության համար՝ 6 մլն դրամը:

«Գործընկերների հետ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ բարձրացվող շեմը բարձրացվի ոչ այնքան բարձր, որ առաջարկել էի ի սկզբանե, մի փոքր զիջում իրականացնենք»,-ասաց Սիմոնյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը խոսեց Եվրոպական դատարանի մի քանի որոշումների մասին, որոնցով դատարանը նշել է, որ շատ բարձր սանկցիաներն անխուսափելիորեն հանգեցնում են նրան, որ հասարակության լայն հետաքրքրության շրջանակի որոշ հարցեր առհասարակ լրագրողների ու հասարակության կողմից չքննարկվեն: «Մենք առաջարկում ենք այսչափ բարձր չսահմանել, վիրավորանքի դեպքում սահմանափակվել մինչև 2 մլն դրամ փոխհատուցմամբ, իսկ զրպարտության դեպքում՝ մինչև 3 մլն»,-պնդեց փոխնախարարը:

Նախագծի հեղինակը, սակայն, նշեց, որ նվազեցնելու առաջարկը, կառավարության ներկայացրած փաստարկները քննարկել է գործընկերների հետ, և եկել են համաձայնության իր՝ արդեն իսկ ներկայացրած թվերի շուրջ: Սիմոնյանն այսպիսով չընդունեց կառավարության առաջարկը:

Հանձնաժողովի նիստը 10 րոպեով ընդմիջվեց՝ քննարկում անելու համար: Դրանից հետո կառավարության կողմից ներկայացված առաջարկը հանձնաժողովում քվեարկությամբ չընդունվեց: Ալեն Սիմոնյանի կողմից լրամշակված նախագիծը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում