Համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում է սպասում. ԵԱՏՄ նիստում Ղրղզստանի վարչապետը մի շարք առաջարկներ է արել
Համաշխարհային տնտեսության աճի տեմպի կտրուկ անկում և ռեցեսիա է սպասվում հետագա տարիներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանն այս մասին ասաց Եվրասիական տնտեսական միությունում նախագահող, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
«Պետք է նշել, որ աշխարհում տնտեսական զարգացման կանխատեսումներն այնքան էլ մխիթարող չեն։ Սպասվում է տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում և համաշխարհային տնտեսության ռեցեսիա՝ հետագա տարիներին», - հայտարարել է Ժապարովը։
Ղրղզստանի վարչապետը բարձր մակարդակի աշխատանքային խմբին առաջարկել է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարձրացման համար անցկացնել տնտեսական կոնյուկտուրայի մոնիթորինգ՝ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում, և անհրաժեշտության դեպքում առաջարկել միջոցառումների հակաճգնաժամային փաթեթ:
Ժապարովը հավելել է, որ տնտեսական կայունությունն ապահովելու համար ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են ԵԱՏՄ մարմինների 55 որոշումները և ընդունել միջոցառումների 3 փաթեթ: Նա տեղեկացրել է, որ ընդունված որոշումների հիման վրա ժամանակավոր հիմունքներով զրոյացվել են 1310 ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը։
«Իսկ դրանք պարենային և հումքային խմբի ապրանքներ են ՝ սննդամթերքի արտադրության համար, թեթեւ արդյունաբերության, դեղագործական արտադրանք, մեքենաշինություն եւ այլ ապրանքներ։ Բիզնեսին աջակցելու նպատակով մեղմացվել են Միության մի շարք տեխնիկական կանոնակարգերի պահանջները», - ասել է Ժապարովը։
Կարծիքներ