Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններում քաղաքացիները հրազեն ու ռազմամթերք են հանձնել

Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններում քաղաքացիները հրազեն ու ռազմամթերք են հանձնել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին է բերել «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

«Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ջրվեժում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել թմբուկավոր ատրճանակ, նռնակներ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Հրազենը, պահունակն ու փամփուշտները բաժին բերած տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ արդյունավետ է եղել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. Նորագավիթում բնակվող մի տղամարդ բաժին է բերել տարիներ առաջ մահացած հոր «Կալաշնիկով» ինքնաձիգը։

Նշանակվել են փորձաքննություններ։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում