Օտարերկրացին մաքսանենգ ճանապարհով Հայաստան է հասցրել 950 գ հերոին և 1 կգ մեթամֆետամին
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել օտարերկրացու կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրանյութ բերելու մասին: Հայտնի է եղել նաև, որ տարբեր թմրամիջոցները նա թաքցնում է իր վարած բեռնատարի կցորդիչի տակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մայիսի 22-ին, ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարը կանգնեցվել է: 46-ամյա վարորդը բերման է ենթարկվել, իսկ կցորդիչով բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Նախաքննության ընթացքում, դատարանի որոշմամբ, բեռնատարն ու կցորդիչը խուզարկվել են։ Պահեստային անվադողերի միջնամասում հայտնաբերվել է զոդված մետաղյա արկղ: Արկղում եղել է մեկ փաթեթ՝ 950 գրամ քաշով հերոինով, և երկու փաթեթ` յուրաքանչյուրը շուրջ կես կիլոգրամ մեթամֆետամինով:
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ