Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4%
Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է զգալի աճ՝ 7.6%, որը գերազանցում է 2018-ին գրանցված 5.2% աճին: Սպառողական գների ինդեքսը 2018-ի նկատմամբ աճել է 1.4 %-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2019-ի աղքատության մակարդակի ցուցանիշը համադրելի չէ 2018-ին արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության գծի, ինչպես նաև սպառման և աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ:
2019-ի համար գնահատված աղքատության մակարդակները 2009 թվականի սպառման զամբյուղի և մեթոդաբանության վրա հիմնված աղքատության գնահատման ցուցանիշներից տարբերվում են երեք առումով.
ա) սպառման ագրեգացված ցուցանիշը հաշվարկվել է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ-ում) վերանայված հարցաշարի տվյալների հիման վրա,
բ) ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ` գրասալիկի (պլանշետ) միջոցով,
գ) փոփոխվել է աղքատության գծերի հաշվարկման մեթոդաբանությունը:
Ըստ Վիճկոմի՝ բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարևոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը: Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմերը` սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ, ներառյալ ձայնի, անվտանգության, արժանապատվության և արժանապատիվ աշխատանքի իրավունքը:
Բնակչության կենսամակարդակի փոփոխության դինամիկան նկարագրվել է նյութական և ոչ նյութական աղքատության տեսանկյունից:
Ոչ նյութական աղքատության բնորոշիչներն են` վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը կամ անգրագիտությունը, սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը, անպաշտպանվածությունը, իրավունքների և խոսքի ազատության անկիրառելիությունը, այն է՝ գործնականում սեփական խնդիրների մասին հայտնելու անկարողությունը: Ոչ նյութական աղքատության հաղթահարման հիմնական ուղղությունը կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության բարելավումն է, այն է՝ անվճար ծառայությունների հասցեականության առավել հստակությունը և վճարովի ծառայություններից օգտվելու կարողությունների աճը:
Աղքատության չափման հիմնական (պաշտոնական) մոտեցումը Հայաստանում համարվում է 2019-ի մեթոդաբանությունից բխող բացարձակ՝ ըստ սպառման, աղքատությունը: Նշված համատեքստում, համաձայն Համաշխարհային բանկի սահմանման, բացարձակ աղքատությունը՝ տնային տնտեսությունների որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է:
Հայաստանում բարեկեցության մակարդակը գնահատելու համար օգտագործվում է սպառման ագրեգացված ցուցանիշը: Միջազգային փորձից ելնելով, ընդունված է, որ սպառումը եկամտի համեմատ ավելի ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացնում բարեկեցության մակարդակի վերաբերյալ, քանզի տնային տնտեսության սպառման ագրեգատը սովորաբար ավելի ճշգրիտ տեղեկատվություն է պարունակում և այդքան էլ զգայուն չէ կարճատև տատանումների նկատմամբ, քան եկամտի ցուցանիշը, հատկապես ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում: Եկամուտների մասին տեղեկատվությունը պակաս վստահելի է, քանի որ եկամուտները հաճախ թաքցվում կամ ավելի պակաս են նշվում հարցվողների կողմից, ինչպես նաև, եկամուտների որոշ տեսակների բնորոշ է սեզոնայնության նշանակալիությունը:
Սպառման ագրեգացված ցուցանիշը ներառում է հետևյալ բաղկացուցիչները. (ա) սպառված պարենային և ոչ պարենային ապրանքների արժեքը, ներառյալ սեփական արտադրության ապրանքները, մարդասիրական կազմակերպություններից և այլ աղբյուրներից ստացված օգնությունը և (բ) երկարատև օգտագործման ապրանքների հաշվարկային արժեքը:
Հայաստանում նյութական աղքատությունը գնահատելու համար օգտագործվում է բացարձակ աղքատության հայեցակարգը: Հայաստանի բնակչությունն, ըստ աղքատության կարգավիճակի, բաժանվում է աղքատ և ոչ աղքատ տնային տնտեսությունների: Աղքատներն իրենց հերթին ներառում են` չափավոր (շատ) աղքատներ և նրանց թվում` ծայրահեղ աղքատներ:
Աղքատությունը Հայաստանում գնահատվում է 1996-ից սկսած: 2019-ից Հայաստանում օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով չորրորդ մեթոդաբանությունը (չորս մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության ցուցանիշները։
Ըստ վերին գծի աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, իսկ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության միջին գծից՝ ինչն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է:
Չնայած, որ աղքատությունը գնահատելու համար ավելի հաճախ օգտագործվող ցուցանիշն աղքատության մակարդակն է, այն հաշվի չի առնում աղքատության ինտենսիվությունը կամ, ինչպես հաճախ անվանում են, աղքատության ճեղքվածքը, որը ցույց է տալիս, թե որքանով են աղքատ տնային տնտեսությունները ցածր աղքատության գծից:
Աղքատության խորությունը հաշվարկվում է աղքատ բնակչության հաշվով և ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից: Աղքատության խորության (2019-ի համար՝ 10.1%) գնահատականը նաև ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և աղքատ, և ոչ աղքատ) մոբիլիզացնելու աղքատության գծի 10.1%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին միայն աղքատ տնային տնտեսություններին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար, ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին:
Աղքատության սրությունը արտացոլում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: Այն արտացոլում է այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ: 2019-ին աղքատության սրությունը եղել է 3.4%:
2019-ին աղքատության վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (կամ 110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (կամ 72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (կամ 49.4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (կամ 91.7 ԱՄՆ դոլար):
Կարծիքներ