«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բջջային հեռախոսների ներնետման դեպք են բացահայտել

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բջջային հեռախոսների ներնետման դեպք են բացահայտել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները փետրվարի 3-ի ժամը 20։00-ի սահմաններում ստացել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ երկարատև տեսակցության եկած դատապարտյալ Ա․ Ն․-ին ներնետման ճանապարհով փոխանցվելու է արգելված իրերով 2 փաթեթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ըստ որոնց՝ ծառայողները միտումնավոր հեռացել են տեսադաշտից՝ հսկողության տակ պահելով դատապարտյալ Ա․ Ն․-ին։ Վերջինս որոշ ժամանակ անց ստուգելով և համոզված լինելով, որ ծառայողները տարածքում չեն, փորձել է ներս բերել պատուհանի տակ ներնետված փաթեթը երկարատև տեսակցության սենյակի ճաղապատ պատուհանի ապակին հանելու միջոցով և նույն պատուհանի շրջանակից ինքնաշեն պատրաստված երկար ձողի օգնությամբ։ 

«Փաթեթը դատապարտյալի կողմից ներս տանելուց անմիջապես հետո դարանակալած ծառայողները մտել են երկարատև տեսակցության սենյակ և առգրավել ձողին ամրացված փաթեթը։ Այնուհետև իրականացրել են սենյակի և տեղանքի զննություն, ինչի արդյունքում սենյակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, իսկ պատուհանի հարակից տարածքից՝ երկրորդ փաթեթը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դատապարտյալի մոտից առգրավված փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված 3 բջջային  հեռախոս, իսկ տեղանքից հայտնաբերված փաթեթում՝ 2 բջջային հեռախոս և 2 լիցքավորման լար։

Դատապարտյալ Ա․ Ն․ խոստովանել է, որ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում