Զերծ պահեք Ձեր կանանց և երեխաներին քաղաքականությունից. Խաժակյանի կոչը հայհոյախոս ընդդիմադիրներին

Զերծ պահեք Ձեր կանանց և երեխաներին քաղաքականությունից. Խաժակյանի կոչը հայհոյախոս ընդդիմադիրներին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը օրերս Հանրային հեռուստաընկերության «Բաց հարթակ» հաղորդման ժամանակ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործողություններին խոսել է Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական միջադեպից, նշելով, որ ընդդիմությունը հատուկ է պատվիրել այն կեղծ լուրը, ըստ որի սպանությունը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա։ Նա մասնավորապես ասել է.

 

«Ինչքան բան ասես` իրենք կհնարեն, մենակ թե հիմնավորեն, որ այս իշխանությունները վատն են․․․ Բորիս Մուրազին՝ Politik.am-ի խմբագիրը, ով հրապարակեց այդ կեղծ լուրը, որ կարդում ես իր գրածները, տպավորություն չի՞, որ փողով է անում, տպավորություն է։ Նարեկ Սամսոնյանը, որ կարդում ես, մի մարդ, որն անընդհատ հայհոյանքներ է գրում այսինքն՝ այդ մարդը վարձատրվում է քաղաքական դաշտում խուլիգանություն անելու համար։ Վարձատրողն էլ ո՞վ է, Սերժ Սարգսյանը կամ այդ խմբակից ինչ-որ մեկը․․․

 

Այդ վարքագծի պատասխանատուն և հեղինակը մի դեպքում Սերժ Սարգսյանն է, Բորիս Մուրազիի դեպքում` Ռոբերտ Քոչարյանն է, և չմասնավորեցնենք միայն իրենց վրա, այնտեղ լիքը մարդ կա, որ փող է ստանում այդպիսի բաներ անելու համար․․․»։

 

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Նարեկ Սամսոնյանը և politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին անդրադարձել էին Դավիթ Խաժակյանի դիտարկումներին, ասելով, որ Խաժակյանն այդ ամենը ասել է իշխանության ցուցումով։ Այս հարցով խնդրեցինք Դավիթ Խաժակյանի մեկնաբանությունը, ով ասաց.

 

«Չգիտեմ ինչո՞ւ են պարոնայք սրտնեղում, երբ իրենց հարցնում ես, թե ի՞նչ միջոցներով են զբաղվում քաղաքականությամբ։ Նախ անդրադառնամ Նարեկ Սամսոնյանի պատասխանին։ Ասում է, որ իր դուստրը կհպարտանա հոր անցած ճանապարհով, երբ կարդա հրապարակային տիրույթում, այլոց կանանց և երեխաների աչքի առջև վերջինիս գրած հայհոյանքները։ Սա արդեն նորմալ չէ։ Փաստացի նա իր քայլերը փորձում է արդարացնել իր իսկ երեխայի անունը հոլովելով։ Մեկ այլ առիթով էլ ասել էր, որ իր կինը հպարտ է ամուսնու հնչեցրած ուժգին հայհոյանքներով։ Սա իսկապես ճիշտ չէ, զերծ պահեք Ձեր կանանց և երեխաներին քաղաքականությունից։ Եվ գիտե՞ք, հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հենց այսպիսիներին է ընտրել որպես իր վարձու համախոհներ։ Թերթեք Սամսոնյանի ֆեյսբուքյան էջը և կտեսնեք, թե ինչպիսի շողոքորթություն է հղում պաշտոնաթող նախագահին։ Շատերը հիշում են, որ 2018-ից առաջ նա ուներ արմատական ընդդիմադիր հայացքներ, իսկ այսօր վերադիրքավորվել է՝ «որտեղ հաց, էնտեղ կաց» արատավոր սկզբունքով։ Ժամանակին ընդդիմադիրները հպարտանում էին, որ այլախոհ լինելու բերումով ազատազրվել են, իսկ այս մարդը հպարտանում է, որ ֆեյսբուքներում կարողանում է հայհոյել։»։

 

Խոսելով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի գործունեության մասին Խաժակյանը հիշեցրեց.

 

«Գիտե՞ք, հայտնի փաստ է, որ տևական ժամանակ Բորիս Թամոյանը հանդիսացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, թեպետ դա ներկայումս հետևողականորեն թաքցնում է։ Չի խոսում նաև Արթուր Վանեցյանի հետ ունեցած «փողհարաբերություններից»։ Գիտենք, որ տևական ժամանակ իր խմբագրությունը զբաղեցրել է Վանեցյանին պատկանող գրասենյակային տարածքը։ Իր աճեցրած ծիրաններո՞վ էր վարձահատույց լինում այդ տարածքի դիմաց։ Հատկանշական է, որ գրասենյակային այդ տարածքից դուրս գալուց հետո Մուրազին սուր քննադատություն հնչեցրեց Վանեցյանի նկատմամբ և դարձավ Ռոբերտ Քոչարյանի «մոլի» աջակից։ Այս կենսագրություն ունեցող մարդիկ երբ ինձ կամ մյուսներին վիրավորական խոսքեր են ասում, դրանով միայն ի ցույց են դնում իրենց դաստիրակությունն ու անցած ճանապարհը։»

 

Խաժակյանից հետաքրքրվեցինք նաև թե որքա՞ն է պատրաստվում շարունակել այս հեռակա բանավեճը։

 

«Այս խոսակցությունը չեմ սկսել ես կամ իմ ուժի որևէ ներկայացուցիչ։ Իրենք են մեզ պարբերաբար անդրադարձել և կարծել, որ այդ ամենը անպատասխան կմնա։ Համոզված եմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի և երկուսն էլ անցյալից դասեր քաղելով ավելի արժանավայել աշխատանքով կզբաղվեն։»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում