Երբ մեր քաղաքականությունը հենվում է լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիզմները մեծանում են. Փաշինյան

Երբ մեր քաղաքականությունը հենվում է լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիզմները մեծանում են. Փաշինյան

Արտաքին, ներքին առումներով Հայաստանի Հանրապետության հարատևության և անվտանգության, և հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը: Սա շատ բազմաշերտ հարց է, բայց ես տվյալ դեպքում նկատի եմ ունենում հետևյալը՝ թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքի մասին մեր պատկերացումը:

Այս մասին այսօր ելույթի իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստի ժամանակ:

«Ես կարծում եմ, որ հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը և մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։

Ասվածի մեջ մեծ հաշվով նորություն չկա, քանի որ ըստ էության մեր իրավական փաստաթղթերի մեջ՝ 1991 թվականից գոյություն ունեցող, հենց այսպես էլ արձանագրված է։ Այն փաստաթղթերի մասին է խոսքը, որոնց նպատակը եղել է ՀՀ տարածքի  արտահայտումը:

Բայց սոցիալ-հոգեբանական և այլ առումներով մեր ընկալումը ամեն դեպքում չէ, որ այդպիսին է եղել։ Եվ մենք այսօրվա մեր քաղաքականություններով, մեր վերլուծություններով հանգել ենք այն եզրակացությանը, որ չափազանց կարևոր է, որ մեր քաղաքականությունները հենվեն այս լեգիտիմության  վրա, որովհետև սա նաև մեր արտաքին անվտանգությունն ապահովելու շատ կարևոր գործիք է, որովհետև սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, միջազգայնորեն ճանաչված սահմաններն են:

Եվ երբ որ մեր քաղաքականությունը հենվում է լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիզմները մեծանում են։

Այս խոսակցությունը սկսվել է, երբ խոսում էի ՀՀ կադաստրի վկայականի մասին։ Երբ, օրինակ, ձեզնից յուրաքանչյուրը գնում է շինթույլտվություն ստանալու և իր հետ տանում է սեփականության վկայականը, այդ շինությունը տեղավորվում է իր հողամասի կադաստրային սեփականության շրջանակի մեջ, իր պաշտպանվածությունը մեծանում է, օրենքը ՏԻՄ-ին պարտավերցնում է, որ տվյալ մարդու օրինական ակնկալիքը բավարարվի:

Բայց երբ գնում ենք և ուզում մի հողամասի վրա ինչ-որ գործառույթ իրականացնենք, մեզնից ուզումե ն հավաստիացում, որ հողը, որի վրա ուզում ենք գործառույթ իրականացնենք, օրինական մեզ է պատկանում: Եթե չունենք՝ առաջինը գնում ենք օրինական կադաստրի վկայականը հանելու:

Այսինքն դա ճիշտ չափագրված է, եզրագրված է: Երբ որ այդ սեփականության վկայականը կա, արդեն քաղաքացին պաշտպանված է իր գործառույթներն իրականացնելիս և ուրիշների հետ հարաբերություններում:

Խոսելով հայտնի կադաստրի վկայականի մասին՝ սա եմ նկատի ունեցել»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում