Դա փոխհրաձգություն չի եղել, այլ ադրբեջանական բանակի հերթական սադրիչ գրոհը, որը համահունչ է ԻԳԻԼ-ի ոգուն․ Մարուքյանը հակադարձել է ԱՄՆ-ի պետքարտուղարությանը
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխխոսնակ Վեդանտ Պատելի վերջին հայտարարություններին՝ արված ճեպազրույցի ընթացքում:
Մարուքյանը մի շարք հակադարձումներ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Նախ, սա ոչ թե փոխադարձ կրակահերթ էր, այլ ադրբեջանական բանակի հերթական ագրեսիվ հարձակումը, որը հայտնի է ԴԱԻՇ-ի ոճի ռազմական գործողություններով: Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը.
Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այսինքն. վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։
Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից»։
Նշենք, որ Պատելը ճեպազրույցի ժամանակ հավասարության նշան էր դրել Հայաստանի ու Ադրբեջանի գործողություններին՝ 2 երկրներին հավասարապես կոչ անելով զերծ մնալ բռնության կիրառումից:
Կարծիքներ