Այսօր մենք նշում ենք ժողովրդավարության հաղթանակը. Բայդենը խոստացել է լինել «բոլոր ամերիկացիների» նախագահը
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, որը րոպեներ առաջ է ստանձնել երկրի առաջնորդի պարտականությունները, խոստացել է լինել «բոլոր ամերիկացիների նախագահը», այդ թվում և նրանց, ովքեր իրեն չեն աջակցել:
Ինչպես փոխանցում է CNN-ը, նման ելույթով Բայդենը հանդես է եկել երդմնակալության արարողության ժամանակ: «Ես նույնքան ջանասիրաբար կաշխատեմ նրանց համար, ովքեր ինձ չեն աջակցել, որքան և նրանց համար, որոնք աջակցել են»,- նշել է Բայդենը:
Բացի այդ, Բայդենը կոչ է արել ամերիկացիներին միավորվել: «Գիտեմ, որ մեզ բաժանող ուժերը խորն են և իրական են: Սակայն գիտեմ նաև, որ դրանք նոր չեն: Մեր պատմությունը մշտական պայքար է ամերիկյան իդեալի, որը կերտել ենք միասին և տգեղ իրականության՝ ռասիզմի և վախի միջև, որը մեզ պառակտել է»,- հավելել է նորընտիր նախագահը:
Բայդենը շեշտել է, որ ժողովրդի կամքը լսելի է դարձել. «Այսօր մենք նշում ենք ոչ թե թեկնածուի, այլ ժողովրդավարության հաղթանակը: Ժողովրդի կամքը լսվել է: Ժողովրդավարությունը փխրուն է, և այս պահին այն գերակայել է»:
Վերջինս նաև մեկ րոպե լռությամբ հարգել է կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացած ամերիկացիների հիշատակը, որոնց թիվը գերազանցել է 400 000-ը:
Կարծիքներ