Բուլղարիան պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում

Բուլղարիան պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի և ԲՀ խորհրդարանականների հետ:

Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Կողմերը փաստել են Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա սերտ հարաբերությունների մասին` ընդգծելով, որ դրանք հիմնված են երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության, ընդհանուր արժեքների և մշակութային կապերի վրա:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ ԱԺ նախագահին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի և ջերմ ընդունելության համար:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ միջպետական հարաբերություններում նշանակալի դեր ունեն միջխորհրդարանական կապերը, որոնց խթանումը և շարունակական զարգացումը կարևոր են Հայաստանի համար:

«Բարձր մակարդակի կանոնավոր միջխորհրդարանական երկխոսությունը մեծ ներուժ կլինի Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների զարգացման և ընդլայնման հարցում: Մենք պետք է խթանենք ուսանողների երկկողմ փոխանակումների գործընթացը և բարեկամական խմբերի գործունեությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է Բուլղարիայի հայ համայնքին, որը մեծ ներդրում ունի հայ և բուլղար ժողովուրդների եղբայրական հարաբերությունների հաստատման գործում: Նա նաև կարևորել է հայ-բուլղարական առևտրատնտեսական պալատի, միջկառավարական հանձնաժողովի և խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարևորել է Բուլղարիայի ներգրավվածությունը և աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից առաջ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման և տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում:

«Բուլղարիան ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշել է Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման, երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության շուրջ:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում