Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների
Իրանի նախագահի պարտականությունները ստանձնած առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը նախագահի Էբրահիմ Ռայիսիի զոհվելու մասին հայտարարությունից հետո արտակարգ նիստ է անցկացրել օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։
Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի աշխատել՝ իր պարտականությունները կատարելով առանց ընդհատումների, և «Ռայիսիի ծառայությունը չի ավարտվի»։
Համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ նախագահական նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն 50 օրվա ընթացքում` երկրի նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարության և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելու պահից։
Առաջին փոխնախագահը՝ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում նաև Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Խորհուրդը պետք է կազմակերպի նախագահական նոր ընտրությունները։
Կարծիքներ