Ընդդիմադիր պատգամավորները վերադառնում են Ազգային ժողով. կմասնակցեն առաջիկա նիստերին
Ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական նիստերին:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք»,-նշել է Թովմասյանը:
Պատգամավորը հավելել է, որ ԱԺ նիստերին իրենց մասնակցությունը, սակայն, չի նշանակում, թե գործող իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցներ ընդդիմադիր պատգամավորները կիրառելու են, բայց այս պահին կլինեն նաև խորհրդարանում:
«Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք
որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։
Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար»,-նշել է Թովմասյանը:
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։
Կարծիքներ