Առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի սկզբունքը ընդունելի է նաև Թուրքիայի համար
Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասված է հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջին հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ»։
Ինչպես ակնառու է երկու երկրների ԱԳՆ-ների տարածած հայտարարություններից, դրանց բովանդակությունները նույնական են։ Իսկ ինչն ավելի կարևոր է՝ երկու հաղորդագրություններում հստակ նշված է, որ հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի հիմքում դրվել է առանց նախապայմանների երկխոսությունը շարունակելու սկզբունքը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախկինում նախաձեռնված բոլոր փորձերի ժամանակ հայկական կողմը հանդես է եկել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու օգտին։ Սա երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի որդեգրած առանցքային ուղենիշն է։
Հայաստանի ակնկալիքները վերջին 30 տարում չեն փոխվել. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և հայ-թուրքական սահմանի բացում։ Այս համատեքստում կարևոր է, որ Թուրքիան ևս նման մոտեցում է արտահայտում, և առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու մոտեցումը ամրագրվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից։
Ըստ էության, երկու երկրների կողմից նույնաբովանդակ հաղորդագրությունների տարածումը փաստում է առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու հարցում փոխըմբռնման առկայության մասին, ինչը դրական սկիզբ է հետագայում ևս կառուցողական քննարկումները շարունակելու ուղղությամբ։
Կարծիքներ