Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված գործազուրկների գրեթե 94 տոկոսն աշխատաշուկայում անմրցունակ է
Հայաստանի Միասնական սոցիալական ծառայության կենտրոնի տվյալներով, հուլիսի 1-ի դրությամբ առկա է 90 հազար 330 աշխատանք փնտրող: Գործազուրկների թիվը կազմում է 61 հազար 356: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշներն աճել են: Մասնավորապես, 3.1 տոկոսով ավելացել է աշխատանք փնտրողների, 1.8 տոկոսով՝ գործազուրկների թիվը: Կան թափուր աշխատատեղեր, որոնք տևական ժամանակ չեն համալրվում: Դրանք հիմնականում միջին որակավորում պահանջող աշխատատեղեր են:
«Չհամալրվելու պատճառը հիմնականում վարձատրությունն է, բարձր չեն վարձատրում, աշխատանք փնտրողներն էլ չեն ցանկանում միջին և ցածր վարձատրությամբ աշխատել: Ակնհայտ մասնագիտություններ նշեմ, օրինակ կահույքագործ, հրուշակագործ, եռակցող, բանվորներ, որոնք մի կողմից թվում է, թե մեծ պահանջարկ կա, սակայն երկար ժամանակ չեն համալրվում»,-ասաց Ժորա Սարգսյանը:
Թափուր աշխատատեղերը չհամարվելու պատճառներից մեկը նաև ոչ բավարար որակավորում ունենալն է: Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառվածների կարողությունները չեն համընկնում գործատուի պահանջներին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված գործազուրկների գրեթե 94 տոկոսն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են: Այս ցուցանիշները հաշվի առնելով՝ զբաղվածության պետական ծրագրերի կարևոր բաղադրիչ է սահմանվել գործազուրկի, աշխատանք փնտրողի կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները:
Նախարարությունն իրականացվում է ծրագրեր, որոնք ուղղված են ինչպես աշխատանք փնտրողների կարողությունների զարգացմանն այնպես էլ աշխատանքի տեղավորելուն: Զբաղվածության 9 ծրագիր իրականացվում է՝ ներգրավելով տարբեր սոցիալական խմբերի, այդ թվում` Հայաստանում գտնվող արցախահայությանը: Արցախից Հայաստանում գտնվող 290 հոգի պրակտիկայի ծրագրով արդեն աշխատանքի է տեղավորվել: Ծրագրի պայմանների համաձայն՝ շահառուն մինչև 3 ամիս ժամանակով գործատուի մոտ պրակտիկա է անցնում՝ ձեռք բերելով նոր հմտություններ, իսկ յուրաքանչյուր ամսվա համար պետությունն է տալիս աշխատավարձը 100 հազար դրամի սահմաններում:
Ժորա Սարգսյանը, առանձնացնելով սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծրագիրը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս այն անձանց, որոնք ունեն մինչև 3 հա հողատարածք և ցանկանում են մշակել ու իրենց նվազագույն կարիքները հոգալ: Արդեն 903 շահառու օգտվել է այս հնարավորությունից, այս ցուցանիշն ավելին է, քան տարվա համար նախատեսված էր:
Ժորա Սարգսյանը նկատեց, որ ծրագրերի մասնակցության առումով գործատուների կողմից ցանկալի ակտիվությունը չի նկատվում: Նախարարության ներկայացուցիչը հորդորեց լինել առավել ակտիվ: Ընդհանուր զբաղվածության ծրագրերից արդեն օգտվել է 2 հազար 243 աշխատանք փնտրող:
Կարծիքներ