Գյուտի կարճաժամկետ արտոնագիրն ավելի արագ և քիչ ծախսերով ստանալու հնարավորություն կստեղծվի
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է հնարավորություն ստեղծել ավելի արագ և քիչ ծախսերով ստանալու գյուտի կարճաժամկետ արտոնագիր՝ 10 տարի ժամկետով:
Արտոնագրերի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
ԱԺ հանձնաժողովի նիստում նախագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում գործադիրն ընդունել է այն երեք դիտողությունները, որոնք հնչեցրել են պատգամավորները, հաշվի են առնվել նաև ԱԺ-իղ կողմից փորձագիտական վերլուծության բոլոր արդյունքները, դիտողությունները, առաջարկությունները:
Անդրադառնալով բուն նախագծին՝ փոխնախարարն ասաց. «Արտոնագրերի մասին օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել պահպանման փաստաթղթերի ձևերը, որոնց հիման վրա ՀՀ-ում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը: Միևնույն ժամանակ օրենքից դուրս ենք հանում «օգտակար մոդել» հասկացությունը, դրա փոխարեն ներդրվում է «գյուտերի կարճաժամկետ արտոնագիր» պահպանման փաստաթղթի նոր ձևը: Գյուտերի կարճաժամկետ արտոնագիրը թույլ է տալիս առավելագույնը 10 տարի ժամկետով գրանցել գյուտը: Այս մեթոդիկան համահունչ է ԵՄ և այլ երկրներին»:
Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ ներկայացնելով՝ հայտատուները հնարավորություն են ունենում ավելի արագ և քիչ ծախսերով՝ ի տարբերություն գյուտի արտոնագրի, ստանալ արտոնագիր՝ 10 տարի գործողության ժամկետով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող գյուտի կարճաժամկետ արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգը: Գործող պրակտիկայով ժամկետը 6-9 ամիս է:
Առաջարկվում է նաև հավասար հնարավորություններ ընձեռել ազգային և օտարերկրյա հայտատուների համար՝ թույլատրելով հայտի փաստաթղթերը ներկայացնել այլ լեզվով՝ բացի դիմումից:
Կարծիքներ